ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երեք ինքնահավան նախագաների պատանդ, Հայաստանս

Երեք ինքնահավան նախագաների պատանդ, Հայաստանս
23.01.2015 | 23:56

Հայաստանը դժբախտ երկիր է, մեր հանրապետությունը չունի քաղաքական միասնական պատմություն, որովհետև երկու նախկին ու գործող նախագահները հաճախ ինքնադրսևորվում են՝ մյուս երկուսին անխնա քննադատելու, սեփական սխալները քողարկելու հաշվին: 2007-ի վերջին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում էր ակտիվ քաղաքականություն, իր հաջորդի քաղաքական կառավարումը բնորոշեց «ավազակապետություն» բառով, այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է այդքան մեծ սխալ գործել ու Հայաստան բերել այդ «ավազակապետության կնքահորը»: Մեր ժողովուրդը շարունակում է աղքատանալ, արդեն թշվառություն բառը դարձել է Հայաստանին բնութագրող ամենահարմար տերմինը, բայց Սերժ Սարգսյանի կողմնակիցները դա նկատել չեն տալիս, փոխարենը՝ մատնացույց են անում այն թվացյալ առավելությունները, որ իրենց շեֆն ունի նախորդների համեմատ: Այսօր էլ հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանը, ով համառորեն հրաժարվում է «երիտասարդ թոշակառու» դառնալու մտքից: Շատերը կարծում են, թե սա քաղաքականություն վերադառնալու հերթական հայտ է: Ես այդպես չեմ մտածում ու կարծում եմ՝ Քոչարյանը հերթական անգամ հիշեցրել է իր գոյության մասին ու ակնարկել է, որ ինքը տակավին գործոն է: Սա մեսիջ է թե՛ իշխանությանը, թե՛ ոչիշխանականներին:
Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում շատ են ադեկվատ գնահատականները, գեղեցիկ ձևակերպումները, բայց երբ դրանք համեմատում ենք նրա պաշտոնավարման տարիների իրականության հետ՝ խոսքի ու գործի կոնտրաստն ակնհայտ է դառնում: Այո, Հայաստանի իշխանությունները համարժեք չեն արձագանքել Գյումրիի ոճրագործությանը, մեր ցավին ավելացել է նաև նվաստացման զգացումը, բայց այսօր «կայծակնային առաջանցիկ գործողությունների» անհրաժեշտության մասին խոսող Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր էր 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ նախագահի իր անգործությունը հիմնավորեց չսափրված՝ անթրաշ լինելու հանգամանքով: Կամ՝ եթե «կայծակնային առաջանցիկ գործողություններ» ասելով՝ նա նկատի ունի անմիջականորեն իր անվան հետ կապված Մարտի 1-ը, «Պապլավոկի» սպանությունը, ապա դա ոչ թե իշխանության համարժեք արձագանք է, այլ հասարակությանն ահաբեկելու միտում: Քոչարյանն արդարացիորեն խոսում է մենաշնորհների վտանգավորության մասին, մոռանալով, որ դրա հիմքերը՝ քաղաքական ու տնտեսական իմաստով, դրվել են հենց իր իշխանության տարիներին: Սերժ Սարգսյանի մեծագույն սխալը հենց այն է, որ անընդհատ խոսում է բարեփոխումեների մասին, բայց այդպես էլ գործնական որևէ քայլ չարեց՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերացնելու ուղղությամբ: «Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է»- հարցազրույցի վերջում իշխանություններին նման խորհուրդ է տալիս Քոչարյանը: Երկրորդ նախագահը ճիշտ բանաձև է առաջարկում, սակայն մոռանում է, որ 2004-ին՝ նախագահական վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, երբ, հենվելով սահմանադրական դատարանի որոշման վրա, հասարակությունը նրան առաջարկում էր երկխոսություն ու վստահության հանրաքվեի անցկացում, ստացավ պատասխան, «կայծակնային առաջանցիկ գործողություններ»՝ ապրիլի 12-ի կրակոցների, ընդդիմադիր գրասենյակների զավթումների ու մասսայական ձերբակալությունների ձևով:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 22465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ